Ինչո՞վ զբաղվել Հայաստանում ամառային արձակուրդներին

Հայաստանի հարուստ ու բազմազան բնությունը հրաշալի հնարավորություն է տալիս ակտիվ հանգստի բազմաթիվ ձևերով զբաղվելու համար: Այստեղ կարող եք ուղևորվել լեռնային արշավների, ճոպանով թռչել կիրճի վրայով, Սևանա լճում զբաղվել վինդսերֆինգով, զբաղվել ալպինիզմով, ծանոթանալ ագրոտուրիզմի յուրահատկություններին, ինչպես նաև ձիավարել կամ ուղևորվել ավտոմոբիլային տուրերի: Ցանկության դեպքում կարող եք համատեղել ակտիվ հանգիստը տեղի տեսարժան վայրեր այցելելության հետ. չէ՞ որ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններից շատերը գտնվում են հիասքանչ բնության գրկում:

 

Ամառային ակտիվ հանգստի լավագույն վայրերը Հայաստանում

Բազմազան լեռնազանգվածների և ժայռերի առկայության շնորհիվ Հայաստանն իսկական դրախտավայր է ալպինիզմի և ժայռամագլցության սիրահարների համար: Այստեղ կարող եք գտնել պարզ երթուղիներ սկսնակների համար, ինչպես նաև բավականին բարդ գոտիներ, ինչպես, օրինակ` Խուստուփ և Արագած լեռնագագաթները, որոնք կարող են լուրջ փորձություն դառնալ փորձառու լեռնագնացների համար: Սևանա լիճը ևս ակտիվ հանգստի հայտնի վայրերից է, որտեղ կարելի է զբաղվել վինդսերֆինգով, դայվինգով կամ պարզապես լողալ և ծանոթանալ ամառային, լողափնյա այլ սպորտաձևերի հետ:

 

Հետիոտնային տուրեր, արշավներ 

Արշավները հրաշալի տարբերակ են մաքուր օդում լավ ժամանակ անցկացնելու, տեղի բուսական ու կենդանական աշխարհին ծանոթանալու, Հայաստանի ամենագեղատեսիլ, կուսական անկյունները տեսնելու համար: Մենք մեծ ուրախությամբ կօգնենք Ձեզ գտնել Ձեր նախընտրություններին ու մարզավիճակին հարմար հետիոտնային տուրը: Կարճատև ու թեթև հետիոտնային զբոսանքներից մինչև  պրոֆեսիոնալ երթուղիներ դեպի Գեղամա ու Արագած լեռնավահանները. այս ամենը կարող եք գտնել Հայաստանում:

 

Ագրոտուրիզմ, գյուղական տուրիզմ  

 

Ագրոտուրիզմը հանգստի ձև է, որը թույլ է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ տեղի գյուղական կյանքի, ազգային ավանդույթների և սովորույթների հետ, ուստի զարմանալի չէ, որ Հայաստանն այս առումով շատ հետաքրքիր է զբոսաշրջիկների համար: Ագրոտուրիզմը աստիճանաբար ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում Հայաստանում: Դուք կարող եք, օրինակ, այցելել Գավառ և հետևել տնային տնտեսուհիների` ավանդական գաթա կամ փախլավա թխելու արարողությանը: Բաց չթողեք հնարավորությունը`հանդիպելու Արենիի հայտնի գինեգործներին, հետևելու հյութեղ մրգերից ու խաղողից պատրաստվող գինու ստեղծման ընթացքին և, իհարկե, համտեսելու «արևային ըմպելիքի» տարբեր տեսակներից:

 

Ավտոմոբիլային տուրեր  

Ավտոմոբիլային տուրերը յուրօրինակ այլընտրանք են ավանդական ավտոբուսային էքսկուրսիաներին: Սրանք թույլ են տալիս դառնալ իսկական արկածների մասնակից, տեսնել Հայաստանի ամենահետաքրքիր անկյունները, ծանոթանալ պատմական ու մշակութային հուշարձաններին, հիանալ նույնիսկ այնպիսի դժվարամատչելի տեղանքներով, որոնք անհնար է տեսնել սովորական տուրի ընթացքում:

 

Հանգստի այլ ձևերը Հայաստանում 

Ակտիվ հանգստի գրեթե բոլոր սիրահարները կարող են հետաքրքիր ու հիացմունքի արժանի ինչ-որ բան գտնել Հայաստանում: Ի լրումն վերը նշվածներին` Դուք կարող եք վայելել պարապլանիզմը, որը թույլ է տալիս տեսնել բնության ողջ գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից: Իսկ էկո հանգստի սիրահարներին, հավանաբար, դուր կգան ձիով զբոսանքները, որոնք թույլ կտան ծանոթանալ Հայաստանի գեղեցկություններին:

>>Պատվիրել տուր