Որտե՞ղ այցելել Երևանում 5 օրվա ընթացքում

Ժամանակի մշտական սղությունը, թերևս, ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկն է։ Ըստ էության, մենք ստիպված ենք լինում նույնիսկ արժանիորեն վաստակած հանգստի ուղևորությունները պլանավորել կարճ ժամանակահատվածների համար։  Իսկ եթե Դուք պլանավորում եք գալ Հայաստանի մայրաքաղաք և ցանկանում եք ընդամենը  5 օրվա ընթացքում մաքսիմալ շատ տեսարժան ու հետաքրքրաշարժ վայրեր այցելե՞լ։ Դե, այդ ժամանակահատվածը միանգամայն բավական է՝ կատարելու ընտրություն, թե ինչ եք ուզում տեսնել, թանգարաններ և պատմամշակութային հուշարձաններ այցելելու, հայկական համեղ խոհանոցի հետ ծանոթանալու և նույնիսկ քաղաքից դուրս ուղևորություն կատարելու համար:

 

Որտե՞ղ այցելել Երևանում 5 օրվա ընթացքում

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է՝ ավելի քան 2800-ամյա պատմությամբ։ Ուստի զարմանալի չէ, որ քաղաքում և նրա մերձակայքում կան բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից որոշները ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոներ, ունիկալ շինություններ ու վանքեր, ինչպես նաև հիասքանչ միջնադարյան եկեղեցիներ․ այս ամենը կարելի է գտնել մայրաքաղաքում։

ekexeciabovyan

 

Թանգարաններ ու հուշարձաններ

5 օրն, իհարկե, բավարար չէ Երևանի բոլոր թանգարաններն ու հուշարձաններն այցելելու համար, սակայն առաջարկվող էքսկուրսիաների տեսականուց կարող եք ընտրել այն, ինչն առավել հետաքրքիր է Ձեզ։ Մայրաքաղաքի առավել կարևոր թանգարաններից արժե հիշատակել Հայաստանի պատմության ազգային թանգարանը՝ ավելի քան 400000 ցուցանմուշներով, համանուն հուշահամալիրի տարածքում գտնվող Ցեղասպանության թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը և հնագույն ունիկալ ձեռագրերի, գրքերի ու փաստաթղթերի պահոց Մատենադարանը։ Այցելվող թանգարանների ցանկում անպայմանորեն ներառեք նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որ գտնվում է ժամանակակից Երևանի նախնին համարվող Էրեբունի բերդաքաղաքի մնացորդների տեղում։

matenadaran

 

 

Ռեստորաններ և ակումբներ

Հայկական յուրօրինակ խոհանոցը, թերևս, կարելի է դասել տեղական գրավչությունների թվին։ Երևանի գրեթե ցանկացած ռեստորանում առաջարկվում է հայկական և կովկասյան ուտեստների մեծ ընտրություն։ Անպայման այցելեք այդ բազմաթիվ ռեստորաններից մեկը, օրինակ՝ «Կովկասը», «Գենացվալեն», «Դոլմաման», «Ոստանը» և այլն։ Քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններում կարող եք գնահատել Երևանի հարուստ համն ու հոտը։ Իսկ ստացած տպավորություններն ավելի ամբողջական դարձնելու համար չմոռանաք լինել նաև տարատեսակ ակումբներում, որոնցից առավել հայտնի են «Մալխաս» ջազ ակումբը, “Mezzo”, “Kami” երաժշտական ակումբները, իր գինետներով հայտնի Սարյան փողոցը, որտեղ կարող եք գտնել “In Vino”-ն, «Տապաստանը», «Ոսկեվազը»։ Բացի այդ՝ այցելեք նաև բազմապրոֆիլ “The Club”-ը, երիտասարդների կողմից սիրելի դարձած “Poligraph”-ը, “The Basement”-ը, ինչպես նաև տարածաշրջանի միակ ֆոտոգրադարանը՝ Միրզոյան գրադարանը։

restoran

 

 

Էքսկուրսիաներ Երևանում և շրջակայքում

5 օրանոց ուղևորության ընթացքում կարող եք գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջայց-էքսկուրսիա կատարել Երևանով։ Այն թույլ կտա տեսնել քաղաքի ամենագեղեցիկ և հետաքրքիր վայրերը՝ Հանրապետության հրապարակը, Կասկադը և այլն, ինչպես նաև իմանալ հետաքրքիր պատմական փաստեր դրանցից յուրաքանչյուրի մասին։ Հայաստանի մի շարք կարևորագույն պատմամշակութային վայրեր գտնվում են Երևանի անմիջական մերձակայքում։ Այնպես, որ նույնիսկ ամենասահմանափակ ժամանակով ծրագրի դեպքում Դուք կհասցնեք տեսնել Գառնիի հեթանոսական տաճարը, Գեղարդ վանական համալիրը, Զվարթնոց տաճարի ավերակները կամ այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

ardzan

 

Նույնիսկ 5 օրվա ընթացքում Դուք կհասցնեք բացահայտել աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանը՝ իր հետխորհրդային շրջանի շինություններով, հին տաճարներով ու այլ տեսարժան վայրերով։ Հաճելի ժամանց արևային Երևանում։