Ինչու՞ այցելել Հայաստան հուլիսին

Ամառը լավագույն ժամանակն է ճամփորդությունների համար: Բայց ինչու՞ է հենց հուլիսը հանդիսանում Հայաստան այցելելու ամենահարմար ժամանակը:  Արևավառ եղանակն իդեալական է ամառային զվարճությունների համար, որոնցից առավել հայտնի է Վարդավառի տոնը: Դուք կարող եք գտնել նաև մեծ քանակությամբ ուղևորություններ, որոնք իրենց մեջ ներառում են բազմազան արշավներ ու էքսկուրսիաներ:

 

Ինչու՞ ընտրել հուլիսը ճանապարհորդության համար

Հուլիսն արևային և թեժ ամիս է, հենց այդ պատճառով էլ լավագույն ժամանակն է ճանապարհորդությունների համար, որոնց ընթացքում կարելի է տեսնել և զգալ Հայաստանի հիասքանչ բնությունը: Այցելության նպատակների և վայրերի տեսականին շատ լայն է. Ջերմուկի և Արզնիի հանքային աղբյուրներ ու ջրվեժներ, Դիլիջանի զով անտառներ կամ Աղվերանի հարմարավետ հանգստյան գոտիներ: Արդեն մոտավորապես հուլիսի կեսերից կարելի է լողալ Սևանա լճում, քանի որ տարվա հենց այդ ժամանակահատվածում է բարձրալեռնային լճի ջրի ջերմաստիճանը հասնում ընդունելի` 18-20o C-ի:

 

Ի՞նչ հետաքրքրություններ կան Երևանում հուլիսին  

Ամառը իդեալական է հետաքրքիր ժամանց ապահովելու համար: Օրվա ընթացքում Դուք և Ձեր ուղեկիցները կարող եք ուղևորվել Երևանի ակվապարկեր, լողալ, լիցքաթափվել, նստել ծառերի ստվերում կամ այցելել բազմաթիվ ջրային ատրակցիոններից որևէ մեկը: Քաղաքային զբոսանքների համար օրվա լավագույն պահը երեկոն է: Դուք կարող եք քայլել Հյուսիսային պողոտայում, անցնել Վերնիսաժով, իսկ հետո վայելել Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տպավորիչ ու վառ շոուն:

 

Ի՞նչ արժե համտեսել Հայաստանում հուլիսին

Հայկական օրգանիկ մթերքների քաղցր ու հագեցած համը զբոսաշրջիկներին տպավորող ամենավառ հիշողություններից է, իսկ հուլիսն ամենահրաշալի ժամանակն է օրգանիկ մրգերի ու բանջարեղենների համը գնահատելու համար: Հայաստանի բավականին բարենպաստ բնակլիմայական պայմանների շնորհիվ արդեն հունիսից կարելի է համտեսել մրգեր, որոնցով այդքան հարուստ է մեր երկիրը. ծիրան, դեղձ, նեկտարին, բալ, ինչպես նաև քաղցր ու հյութեղ ձմերուկ ու սեխ:

 

Ի՞նչ տոներ ու իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանում հուլիսին

Հուլիսին Երևանն ընդունում է ամենամյա ‹‹Ոսկե ծիրան›› կինոփառատոնը` մեծամասշտաբ միջոցառում, որն, անկասկած, չարժե բաց թողնել: Հաջորդ իվենթը ձմերուկի փառատոնն է, որն անց է կացվում հուլիսի 14-ին Կարապի լճի մոտ:

Սակայն Հայաստանի ամենասիրելի ու ժողովրդական ամառային տոնը Վարդավառն է, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 28-ին: Ուրախ տոնին մասնակցում են բոլոր տարիքի մարդիկ: Այդ օրը Երևանի փողոցներում ոչ մեկը ‹‹ջրից չոր դուրս գալու›› շանս չունի: Տոնն սկսվում է վաղ առավոտից. բոլորը ջուր են ցանում միմյանց վրա, սակայն նեղանալ կամ դժգոհություն արտահայտել չի կարելի, քանի որ համարվում է, որ վարդավառյան ջուրը բուժիչ հատկությամբ է օժտված:

 

Հայաստան այցելելու ժամանակ, հատկապես` հուլիսին, ամեն ինչ նշանակություն ունի: Ուստի սկսեք պլանավորել Ձեր ուղևորությունը հենց հիմա: