Թաքնված անկյուններ. Արագածի գրավիտացիոն բլրի առեղծվածը

Picnic-ը շարունակում է բացահայտել Հայաստանի թաքնված ու ոչ այդքան հայտնի անկյունները: Այս անգամ կխոսենք մեր երկրի ամենաառեղծվածային գանձերից մեկի` Արագածի գրավիտացիոն բլրի մասին:

 

Ի՞նչ է գրավիտացիոն բլուրը

Եվ այսպես, ի՞նչ է գրավիտացիոն բլուրը: Առաջին հերթին դա երևույթ է, որը խախտում է գրավիտացիայի օրենքները: Հայտնի նաև ‹‹մագնիսական լեռ››, ‹‹գրավիտացիոն ճանապարհ›› և այլ անուններով` իրականում սա տեսողական խաբկանք է, որի արդյունքում ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով մեղմաթեք լանջը վերելք է թվում:

 

Ի՞նչ է տեղի ունենում գրավիտացիոն բլուրներում

Գրավիտացիոն բլուրներն իրենցից ներկայացնում են այնպիսի լանջեր, որոնցում թվում է, թե առարկաներն իրենք իրենց` գրավիտացիոն ուժերին դեմ գնալով, բարձրանում են լանջն ի վեր: Օրինակ` եթե ջուր լցնենք բլրի մակերեսին, կարող է թվալ, թե այն շարժվում է դեպի վեր, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ, ինչպես կարելի էր ակնկալել:

Գրավիտացիոն բլուրները մարտահրավեր են նետում ֆիզիկայի օրենքներին; Եթե ինչ-որ մի առարկա, օրինակ` գնդակ, դրված է լանջի վրա, ապա այն ծանրության ուժի ազդեցության տակ, բնականաբար, պետք է շարժվի դեպի ներքև: Գրավիտացիոն բլուրներում տեղի է ունենում հակառակը, այսինքն` ցած ընկնելու փոխարեն` առարկան շարժվում է դեպի վեր:

 

Արագածի գրավիտացիոն բլուրը

Երկրագնդի վրա կան տասնյակ վայրեր, որոնք մարտահրավեր են նետում բնության օրենքներին: Այս առեղծվածային երևույթները գրավում են ոչ միայն գիտնականների, այլ նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը: Դրանցից մեկը գտնվում է Հայաստանում` Արագած լեռան հարավային լանջին, Ամբերդ միջնադարյան ամրոց տանող ճանապարհին: Այս ճանապարհի վրա մեքենայի փոխանցումը նեյտրալ դիրքում թողնելու դեպքում այն ինքն իրեն կսկսի դեպի վեր շարժվել, իսկ որոշ տեղերում` նույնիսկ ավելացնել արագությունը:

Բայց դա այստեղ տեղի ունեցող միակ անոմալ երևույթը չէ. լեռնային գետակը ևս  ներքևից վերև է հոսում:

 

Վայր, որտեղ գրավիտացիան ‹‹չի աշխատում››

Ամերիկացի հանրահայտ վլոգեր Nas Daily-ն, ով անցյալ տարի այցելել էր Հայաստան` մեր երկրի մշակույթի ու մարդկանց հետ ծանոթանալու և հետաքրքրաշարժ վայրեր գտնելու, իր մեկրոպեանոց հոլովակներից մեկում պատմում է Արագածի գրավիտացիոն բլրի մասին:

‹‹Վերևը ներքև է, ներքևը` վերև, և դա պայթեցնում է ուղեղը››. տեսանյութում այսպես է խոսում վլոգերը` նշելով, որ սա եղել է իր ունեցած ամենախելահեղ արկածներից մեկը: