Թոփ 10 թանգարան, որ պետք է այցելել Երևանում

19.01.20_4Թանգարանները պահպանում և ներկայացնում են յուրաքանչյուր երկրի մշակութային, սոցիալական և գիտական ժառանգությունը: Լինելով ոգեշնչման և կրթական կարևորագույն աղբյուր` Երևանի թանգարանները պարտադիր այցելության վայրեր են նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Այս հոդվածում Picnic-ը ներկայացնում է թոփ 10 թանգարաններ, որոնք պետք է այցելել Երևանում:

 

1. Հայաստանի պատմության թանգարան

Եթե ցանկանում եք ընկղմվել Հայաստանի հարուստ պատմության մեջ և ծանոթանալ մեր երկրի ինքնատիպ մշակույթին, ապա պետք է այցելեք Հայաստանի պատմության թանգարան: Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանի առաքելությունն է պահպանել, լրացնել, ուսումնասիրել և հանրայնացնել թանգարանային նմուշներն ու հավաքածուները, որոնք ներկայացնում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը: Ազգային հավաքածուն բաղկացած է շուրջ 400000 յուրօրինակ հնագիտական, դրամագիտական և ազգագրական ցուցանմուշներից և վավերագրական նյութերից, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը պալեոլիթից մինչև մեր օրեր:

19.01.20_2

 

2. Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահը, որ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանի բարձր հարկերում, երկրի խոշորագույն գեղարվեստական թանգարանն է և պարտադիր այցելության վայր աշխարհի տարբեր ծայրերից ժամանող արվեստի սիրահարների համար: Պատկերասրահում ներկայացված գլուխգործոցների մեծ հավաքածուն պատկերացում է տալիս ազգային և համաշխարհային արվեստի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Եվրոպական, Ռուսական, Հայկական և Արևելյան արվեստի սրահներում կարելի է ծանոթանալ Այվազովսկու, Սարյանի, Կանդինսկու, Դոնատելլոյի և նշանավոր այլ արվեստագետների ստեղծագործություններին:

19.01.20_3

 

3. ‹‹Արարատ›› կոնյակի գործարանի թանգարան

‹‹Արարատ›› կոնյակն ավելին է, քան պարզապես խմիչք: Այն մեր երկրի խորհրդանիշերից է և տալիս է հնարավորություն` ծանոթանալու հայկական մշակույթի հետ: ‹‹Արարատ›› կոնյակի գործարանի շենքում գտնվող թանգարանը ներկայացնում է կոնյակագործության պատմությունն ու ժամանակակից արտադրության գաղտնիքները: Բացահայտեք այս ազնվագույն խմիչքի առեղծվածը` մասնակցելով դեգուստացիոն տուրի, որի ընթացքում կարող եք փորձել կոնյակի երեք տեսակներից (‹‹Ախթամար››, ‹‹Նաիրի››, ‹‹Դվին›› ):

19.01.20_4

 

 

4. Մատենադարան

Մեր մայրաքաղաքի հյուրերը պետք է անպայման այցելեն նաև Մատենադարան կամ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` հնագույն ձեռագրերի պահոց, որտեղ պահվում և հետազոտվում են հայկական հոգևոր մշակույթի գանձերը: 15 ցուցասրահներում ներկայացված են հարյուրավոր ցուցանմուշներ` նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի ավելի քան 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:

19.01.20_5

 

 

5. Էրեբունի թանգարան

Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ Երևանի պատմության հետ, անպայման պետք է այցելեն Էրեբունի թանգարան: Թանգարանը գտնվում է Արին բերդի բլրալանջին, որի գագաթին մ.թ.ա. 782 թ. հիմնադրված ուրարտական Էրեբունի բերդաքաղաքի մնացորդներն են: Թանգարանում առկա է պատմական կարևոր նշանակություն ունեցող ցուցանմուշների մեծ հավաքածու:

19.01.20_6

 

6. Հայոց ցեղասպանության թանգարան

Երևանի գլխավոր թանգարաններից է Հայոց ցեղասպանության թանգարանը, որի առաքելությունն է վառ պահել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի հիշատակը: Ողջ հուշահամալիրը ( Ծիծեռնակաբերդը ) դարձել է ուխտատեղի և հանդիսանում է քաղաքի ճարտարապետության անբաժան մասը: Ի դեպ, թանգարանի շինության հարթ կտուրից բացվում է տեսարան դեպի Արարատ լեռն ու Երևան քաղաքը:

19.01.20_7

 

7. Սերգեյ Փարաջանովի թանգարան

Երևանի ամենահայտնի թանգարաններից է Սերգեյ Փարաջանովի թանգարանը, որը հարգանքի տուրք է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Թանգարանի հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքներից` գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնք չունեն իրենց համանմանը աշխարհում: Փարաջանովի ստեղծագործությունն աչքի է ընկնում բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:

19.01.20_8

 

8. Մեգերյան Կարպետ

Նրանք, ովքեր սիրում են սպեցիֆիկ մշակութային տարրեր, պետք է անպայման այցելեն նաև Մեգերյան Կարպետ գործարանի տարածքում գտնվող թանգարան, որտեղ կարող են ծանոթանալ հարյուրավոր հնագույն և նոր ձեռագործ գորգերի եզակի նմուշներին, ինչպես նաև կարպետագործության գործընթացին: Էքսկուրսիայի ընթացքում այցելուները կարող են հնարավորություն ստանալ` տեսնելու, թե ինչպես են գորգագործները աշխատում նմուշների վրա և իմանալ այս արհեստի պատմությունը: Բացի այդ` թանգարանի տարածքում կա փոքր, յուրահատուկ ռեստորան, որտեղ կարող եք համտեսել հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստներից:

19.01.20_9

 

9. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Եթե ցանկանում եք ավելի խոր գիտելիքներ ձեռք բերել հայկական արվեստի մասին, ապա պետք է այցելեք 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչներից մեկի` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան: Գույնի վարպետի կտավները հագեցած են վառ ու ջերմ գույներով և նկարչի սիրելի Հայաստանի ազգային մոտիվներով:   Թանգարանի` 300-ից ավելի ստեղծագործությունից կազմված մշտական ցուցադրությունը ներկայացված է թանգարանի երեք հարկերում ժամանակագրական կարգով:

19.01.20_10

 

10. Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Հայաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող Կասկադ համալիրի ներսում և դրսում գտնվող այս յուրօրինակ թանգարանում ներկայացվում է ցուցանմուշների մեծ բազմազանություն, որոնք հիմնականում կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի` ժամանակակից արվեստի հավաքածուից են: Թանգարանը բաղկացած է 2 առանձին հատվածներից`արտաքին`‹‹Գաֆեսճյան քանդակների պարտեզից››, և ներքին ցուցասրահներից: ‹‹Նյու Յորք Թայմզ›› թերթը թանգարանը նկարագրում է հետևյալ կերպ. ‹‹ճարտարապետական ​​անհավանական տեսակի և ճարտարապետական ​​վերածննդի խենթ աշխատանք, ամենայուրօրինակ և դիտարժան թանգարանային շենքերից մեկը, որ բացվել է այս դարաշրջանում››:

19.01.20_11