Թաքնված անկյուններ․ Բյուրական

Ամառ է, ինչը նշանակում է, որ պիկնիկի սեզոնը կարելի է համարել պաշտոնապես բացված։ Փորձելով առավելագույնս օգտագործել ամառային ջերմ ամիսների ընձեռած հնարավորությունները՝ մենք՝ Պիկնիկի սթաֆը, որոշեցինք պիկնիկը տեղափոխել Հայաստանի կախարդական վայրերից մեկը։ Իսկ ուրիշ որտե՞ղ կարելի է ավելի լավ զգալ այդ կախարդանքը, եթե ոչ հրաշալի բնությամբ ու հանրահայտ աստղադիտարանով Բյուրականում։
Ցավոք, Հայաստանում կան բազմաթիվ թերագնահատված վայրեր, որոնցից է նաև Բյուրականը։ Այդ պատճառով էլ մենք ընտրեցինք մեր երկրի թաքնված գանձերից հենց այս մեկը, որն արժանի է ավելի մեծ ճանաչման ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև տեղացիների կողմից։
Բյուրական գյուղը տեղադրված է Արագած լեռան հարավային գեղատեսիլ լանջին։ Գյուղի մոտ է գտնվում 1946 թ․ հիմնադրված աստղադիտարանը, որը 1998 թվականից կրում է հիմնադրի՝ ականավոր գիտնական, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանի անունը։ Բյուրականի աստղադիտարանը նախկին ԽՍՀՄ գլխավոր գիտահետազոտական կենտրոններից էր։
Ներկայում աստղադիտարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ։ Այս վայրը հրաշալի է հատկապես այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ավելի մոտիկից զգալ տիեզերական անծայրածիր գեղեցկությունն ու բացահայտել նրա առեղծվածն ու գաղտնիքները։
Հիասքանչ բնությունն ու մաքուր լեռնային օդը իդեալական պայմաններ են ապահովում թիմի կառուցման ու պիկնիկի համար։ Մեր հրաշալի օրն ավարտեցինք Բյուրականի աստղադիտարան կատարած կեսգիշերային այցով։ Բախտը ժպտաց մեզ․ երկինքը պարզ էր ու աստղազարդ, և անծայրածիր տիեզերքը բաց էր մեր առաջ։
Բյուրականը երանելի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են փախչել քաղաքի աղմուկից և մեկ-երկու օր անցկացնել բնության հետ ներդաշնակության մեջ ընտանիքի, ընկերների և թիմի հետ։
Պիկնիկը խոստանում է շարունակել բացահայտել ու ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի թաքնված գեղեցիկ վայրերը։