6 բան, որ կարելի է անել Հայաստանում այս գարնանը

Հայաստանում տարվա ամեն եղանակ գեղեցիկ է յուրովի, և գարունն էլ բացառություն չէ: Սա տարվա այն ժամանակահատվածն է, երբ բնությունը նոր շունչ է ստանում` ներկվելով շուրջբոլորը ծաղկող ծաղիկների պայծառ գույներով: Բացի այդ` գարնանը Հայաստանն աշխուժանում է բազմաթիվ հրաշալի միջոցառումներով: Ներկայացնում ենք 6 լավագույն բաները, որ կարող եք անել Հայաստանում այս գարնանը:

 

1. Հիանալ ծաղկած ծառերի գեղեցկությամբ

Եթե ցանկանում եք ուսումնասիրել Հայաստանի բնությունն իր ողջ բազմազանությամբ և գեղեցկությամբ, ապա գարունը լավագույն եղանակն է դրա համար: Այս հրաշալի գարնանային օրերին, երբ եղանակն սկսում է ջերմանալ, բնությունն արթնանում է իր երկար ձմեռային քնից, և ամեն ինչ ծաղկում է: Ծառերը ներկվում են սպիտակի, վարդագույնի և մանուշակագույնի տարբեր երանգներով, իսկ այդ բողբոջները հետագայում վերածվում են հյութեղ և հարուստ համերով մրգերի ու հատապտուղների:

1

 

2. Հավաքել ձնծաղիկ լեռներում

Գարունը առանձնահատուկ գեղեցկություն ունի Հայաստանի բարձր լեռնային հատվածներում: Ձնծաղիկների գունագեղ գորգերով ծածկված լեռնալանջերը ստեղծում են չափազանց գեղատեսիլ տեսարան, որով հնարավոր է հիանալ միայն տարվա այս ժամանակահատվածում: Զգացեք Ձեր ներդաշնակությունը բնության հետ` բարձրանալով Արագած կամ Աժդահակ լեռնագագաթներ և մի փունջ ձնծաղիկ հավաքելով:

2

3. Զբաղվել էքստրեմալ սպորտաձևերով

Գարունը լավագույն ժամանակն է էքստրեմալ սպորտաձևերի և տուրիզմի համար: Հայաստանում շատ բան կարելի է փորձել, այդ թվում` off-road տուրեր, պարագլայդինգ, զիփլայն, բանջի ջամփինգ, թռիչք օդապարիկով և այլն: Բաց չթողնեք հնարավորությունը` այցելելու «Յելլ էքսթրիմ պարկ», որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում և իսկական դրախտ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են համադրել ադրենալինն ու էկո միջավայրը: Այս կատարյալ համադրությունը ընձեռում է Հայաստանի գեղեցկությունը զգալու նոր հնարավորություն:

3

3.2

 

4. Տոնել Զատիկը

Եթե պլանավորում եք Հայաստան այցելել ապրիլին, կունենաք հնարավորություն` տոնելու մեր երկրի ամենակարևոր քրիստոնեական տոնը` Սուրբ Զատիկը` ըստ հայկական յուրահատուկ ավանդույթների և սովորույթների: Զատիկին նախորդում է քառասնօրյա Մեծ Պահքի ժամանակաշրջանը, որը համարվում է տոնակատարության  նախապատրաստությունը: Պահքի ժամանակ օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Բուն տոնական օրը, ըստ ավանդույթի, խաշում են ձվեր և ներկում կարմիր գույնով, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Տոնական սեղանին լինում է նաև չամիչով փլավ, Զատիկի ավանդական թխվածք, ձուկ և այլն:

4

 

5. Մասնակցել Երևանի գինու օրերին

Եթե ստացվել է այնպես, որ Երևան այցելելու եք մայիսին, ապա բաց չթողնեք առիթը` մասնակցելու Երևանի գինու օրերին: Այս ամենամյա միջոցառումը գինու սիրահարներին հավաքում է մայրաքաղաքի ամենագունեղ հատվածում` Սարյան փողոցում: Երկու օր տևողությամբ միջոցառման ժամանակ գինու համտեսի հետ մեկտեղ տեղական ռեստորանների կողմից առաջարկվում է նախուտեստների և պանրի լայն ընտրություն: Երևանի գինու օրերը ոչ միայն դարձել է սիրելի տոն տեղացիների համար, այլ նաև գրավում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր այցելուների, այդ թվում` միջազգային ֆուդ-բլոգերների և էնոգաստրոնոմիկ զբոսաշրջիկների:

5

6. Այցելել «Դալի և Պիկասո» ցուցահանդես

Այս գարնանը Երևանը կհյուրընկալի անհավանական միջոցառում արվեստի սիրահարների համար:  Իսպանացի երկու հանճարների` Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 գլուխգործոցներ մարտի 7-ից ապրիլի 26-ը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում: Հավաքորդ և մեկենաս Ալեքսանդր Շադրինի այս յուրօրինակ հավաքածուն 4-րդն է մասնավոր հավաքածուների մեջ. սա Դալիի քանդակի` ամենամեծ, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է ողջ աշխարհում: Այս գարնանը Ձեր երևանյան ուղևորության ընթացքում չմոռանաք այցելել այս ուշագրավ ցուցահանդեսը նույնպես:

6