Զրույց «Picnic» ցանցի տնօրենի հետ

Արման Հովհաննիսյանը Picnic հյուրանոցային ցանցի տնօրենն է: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, մասնագիտությամբ արևելագետ-արաբագետ է։ Այժմ ցանցի հիմնադիր ընկերների հետ միասին աշխատում են հյուրընկալության ոլորտում։

«2013 թվականից ընկերներիս հետ սկսեցինք զբաղվել տուրիստական գործունեությամբ․ սկսեցինք բնակարաններից։ Ունեինք երկու բնակարան, որոնք տալիս էինք վարձակալության։ Բնակարանները գրանցել էինք արտասահմանյան տարբեր կայքերում և կարճ ժամանակում սկսեցինք հյուրեր ընդունել աշխարհի տարբեր երկրներից։ Հաջող գործունեության արդյունքում շուտով բնակարանների թիվը կրկնապատկեցինք», – պատմում է Արմանը։

Տեսնելով ոլորտում աճող պահանջարկը, 2015 թվականի փետրվարին բացեցին Կողբացի 20 հասցեում գտնվող City Centre Hotel by Picnic հյուրանոցը։ Շուտով հաջորդեց նաև Սարյան 26/1 հասցեում գտնվող City Hotel by Picnic-ը: Հյուրանոցների նախագծման, նորոգման, ձևավորման և բոլոր այլ հարցերում ընկերներով անմիջական մասնակցություն են ունեցել և ամեն ինչ արել են իրենց ուժերով։

2017 թվականին, Մաշտոցի 13/1 հացեում գտնվող նորակառույց շենքում, ավելացրեցրել են ևս մի քանի նոր վերանորոգված հարմարավետ բնակարաններ՝ City Centre Apartments by Picnic անվանումով։

«Picnic» ցանցը զբաղվում է նաև տուրերի կազմակերպմամբ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, ցանկության դեպքում նաև Վրաստանում։ Կազմակերպում են տուրեր տարբեր ուղղություններով, որոնց շնորհիվ հյուրերը կարողանում են շրջել մեր երկրի գրեթե բոլոր պատմական ու տեսարժան վայրերով և Հայասատանին սիրահարված վերադառնում են իրենց հայրենիք։

Մեր հյուրերը միշտ վերադառնում են

«Տարիների ընթացքում ձեռք ենք բերել մեզ հավատարիմ բազմաթիվ հյուրեր, որոնք արդեն միանշանակ գիտեն, թե Հայաստան այցելելիս որտեղ են մնալու։ Այս փաստը շատ կարևոր է հյուրընկալության ոլորտում։ Եթե մարդ որևէ երկիր այցելելիս, միշտ նախընտրում է նույն հյուրանոցը, ապա դա խոսում է միայն որակյալ սպասարկման, պրոֆեսիոնալ աշխատանքի ու ջերմ մթնոլորտի մասին, որը միշտ առկա է մեր հյուրանոցներում։ Ի դեպ, այդ հյուրերից շատերի հետ նաև հասցրել ենք ընկերանալ և պահում ենք կապը նաև նրանց մեկնելուց հետո»։

Նոր նախագծեր

«Ունենք մի քանի նախագիծ, որոնք արդեն սկզբնական փուլում են։ Այժմ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում հարևան Վրաստանում՝ Բաթումիում ու Թբիլիսիում, որտեղ խոշոր բնակարանային ցանց ենք պատրաստվում բացել»։

Աշխատասիրությունը հաջողության գրավական

Ըստ Արմանի, ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար մարդ պետք է լինի կրթված, ունենա լայն աշխարհայացք և իհարկե լինի աշխատասեր։ Վերջինս ամենակարևորն է։ Եթե ինչ-որ գործ ես անում ու դա քեզ մոտ չի ստացվում, ոչ մի դեպքում չպետք է հիասթափվես ու հանձնվես։ Հարկավոր է լինել համառ և շարունակել անել նույնը՝ այլ միջոցներ ու ուղիներ փնտրելով և հավատացնում է, որ հաջողությունը երկար սպասեցնել չի տա։

«Մեր գործում շատ կարևոր է թիմային աշխատանքն ու փոխըմբռնումը՝ գործընկերների և աշխատողների հետ։ Բոլոր կարևոր որոշումները կայացնում ենք համատեղ ժողովների ու քննարկումների ընթացքում։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, թե՛ ղեկավարը, և թե՛ մնացած աշխատողները պետք է կարողանան անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշումներ կայացնել և ամենկարևորը պատասխանատու լինել այդ որոշումների համար։ Սա վերաբերվում է բոլորին՝ յուրաքանչյուր գործում պետք է լինել ինքնուրույն և կարողանալ անհրաժեշտ դեպքերում  խելամիտ ու պատասխանատու որոշումներ կայացնել»։

«Ցանկացած թիմ բազմաթիվ օղակներից կազմված մի շղթա է, յուրաքանչյուր օղակ պետք է ամուր լինի, եթե մեկը թուլացավ, ապա շղթան կդառնա անպիտան։ Դրա համար պետք է յուրաքանչյուրը հնարավորության սահմաններում լավ իրականացնի իր դերը, որպեսզի ամբողջ համակարգը շարունակի լավ աշխատել։ Եթե բոլորը մեծ սիրով և նվիրվածությամբ կատարեն իրենց աշխատանքը, ապա ամեն ինչ կատարյալ կլինի», – ասում է տնօրենը։